ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աշխարհաքաղաքական «պատուհաններ»

Աշխարհաքաղաքական «պատուհաններ»
02.06.2024 | 11:58

Միջազգային հարաբերություններում առկա է մի հետաքրքիր պարադոքս։

Մի շարք մասնագետներ պնդում են, որ փոքր պետությունները ունեն ավելի մեծ հնարավորությունների «պատուհան»՝ միմյանց դեմ ուժ կիրառելու և միջազգային համակարգի կողմից անպատիժ մնալու համար, քան ավելի մեծ պետությունները։ Եվ իսկապես՝ ի տարբերություն վերջիններիս, որոնց ուժի կիրառումը սահմանափակված է միջուկային «զսպման» տրամաբանության մեջ, փոքրերը զսպվածություն չունեն, և ինչպես նշում են Ռոթշթեյնը (1968), Փուրնելը (1973), Հանդլը (1990) կամ Րիքլին (2008), ռեսուրսների կուտակման շնորհիվ կարող են մարտնչել միմյանց հետ առանց սահմանափակումների։ Նույնիսկ առկա է կարծիք, որ փոքր պետությունները կարող են լինել շատ ավելի ագրեսիվ, վարվել օպոնենտի հետ բարոյական տեսանկյունից ավելի անկաշկանդ, քան մեծերը։ Փոքրերի այս գերագրեսիվությունը բացատրվում է համեմատության մեջ ուժի դեֆիցիտից իրենց մոտ առկա գոյատևման օբյեկտիվ առաջնահերթությունից բխող սինդտորով։

Հակամարտող փոքր պետությունները միմյանց նկատմամբ կարող են կիրառել ուժ, իրականացնել իմտերվենցիա, զավթել կամ «ազատագրել» տարածք և մնալ անպատիժ միջազգային հարաբորությունների համակարգի կողմից։ Բանն այն է, որ փոքր պետությունների միջև ուժային խաղն ու հակամարտությունը` նրանց միմյանց տարածք գրավելը որպես կանոն, բացառությամբ եզակի դեպքերի, մեծամասամբ չի խախտում գերտերությունների ուժային բալանսը՝ թե՛ գլոբալ, և թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առումով։ Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև աշխարհակարգի բևեռային կառուցվածքը, որի տարբեր տեսակներ փոքր պետություններին ավելի հավակնոտ և անկաշկանդ լինելու տարբեր մակարդակի հնարավորությունների «պատուհաններ» են տալիս։

Ավելին, փոքր պետությունները միմյանցից տարածք տարբեր պատրվակներով ներխուժելու, տարածքը գրավելու կամ իրենց գերակայությունը մյուսի նկատմամբ հաստատելու հնարավորություն են տեսնում, երբ մեծերը կամ «զբաղված» են ներքին հիմնախնդիրներով, կամ մեծերի միջև ուժային բալանսի էական վերադասավորում է տեղի ունենում մեծերի միջև հակամարտության տեսքով, որն էլ առաջացնում է մեծերի ազդեցության կարճաժամկետ «վակումբեր» տարածաշրջաններում, որտեղ առավել հավակնոտ փոքրերը կարգ ու խաղի կանոն թելադրելու հնարավորություն են ունենում։ Եվ քանի որ միջազգային հարաբերությունների համակարգի կառուցվածքը անարխիկ է` տեղի է ունենում զսպման մեխանիզմների կտրուկ անկում, մինչև որ չձևավորվի նոր գլոբալ ուժային բալանսի ճարտարապետություն։ Փոքրերի համար նման «պատուհանները» կարող են բաց լինել մի քանի ամսից մինչև նույնիսկ մի քանի տասնամյակ։

Այսպիսի իրավիճակային դասական օրինակ կարող է համարվել, օրինակ, 1960-1980-ականների Վիետնամն իր ինտերվենցիաներով Լաոս, Կամբոջա, դե, Հարավային Վիետնամի կործանման և անեքսիայի մասին էլ չեմ ասում։

Այդպիսի «պատուհաններից» էր, օրինակ, ԽՍՀՄ փլուզման շրջանը, երբ Հայաստանին հաջողվեց, ըստ ադրբեջանական նարատիվի, գրավել իրենց տարածքի 20%ը, իր օժանդակ հետևանքներով ադրբեջանցիների համար, և պահել այն առանց որևէ արտաքին մեծ խնդիրների, նույնիսկ ՄԱԿ-ի չորս ռեզոլյուցիաների առկայության դեպքում։ Եվ իսկապես, Հայաստանի նկատամամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց՝ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից սահմանը փակելուց բացի, և ոչ մեկը Հայաստանին, պատկերավոր ասած, չասաց, որ աչքի վերևը ունք կա։ Այս իրավիճակը շարունակվեց այնքան, մինչև որ նույն ադրբեջանցիները չհասկացան, որ իրենք պիտի լինեն իրենց բախտի տերը, պատրաստվեն ու օգտվեն նման մի «պատուհանից»՝ հետևողականորեն, համբերատար ձևավորել կոնսենսուս Հայաստանի ռազմավարական պարտության և վերջինիս կարգավիճակի անգման շուրջ՝ կիրառելով ուժ, ռազմական հանցագործություններ, էթնիկ զտում և այլն, նույն կերպ «մարսելով» մի տարածքի ձեռք բերում, որն իրենց որպես սուվերեն ակտոր հավասարապես չի էլ պատկանել։

Հետևաբար, Ադրբեջանը միշտ փնտրելու է առիթ և «պատուհաններ»՝ իրականացնելու ռազմական ինտերվենցիա Նիկոլ Փաշինյանի (ՆՓ) կողմից, ըստ էության, մայիսի 24-ին հռչակված «Լենինյան» Հայաստան։ Բանն այն է, որ ի տարբերություն Արցախով Հայաստանի, ՆՓ-ի Լենինյան Հայաստանը այսպիսի ասիմետրիկ ուժային կոնֆիգուրացիայի մեջ տևական ժամանակ կարող է լինել կործանումից «հինգ պակաս»՝ իր գերաննպաստավոր սահմանների, վատ աշխարհագրության, սակավ բնակչության և վատ բաշխման, ԶՈՒ ոչ ադեկվատ ունակությունների և Ադրբեջանի գերակա դիրքի ու ուժի վրա քաղաքականություն իրականացնելու արդյունավետ լինելու հետևանքով։ Ու դա նրանից չէ, որ ՆՓ-ն Ադրբեջանի հնարավոր մշտական ինտերվենցիայի վտանգը դարձրել է ներքաղաքական կամ արտաքին քաղաքական իր դիսկուրսների պատեհ կամ անպատեհ «հիմնավորում» ինչ-որ բան անելու կամ չանելու համար։ Նրանից չէ, որ այն ՆՓ-ի իշխանություն պահելու և ներքին իշխանափոխություն թույլ չտալու գործիք է։ Այլ այն, որ Ադրբեջանի ՆՓ-ի Լենինյան Հայաստան ինտերվենցիա իրականացնելու ու ներքին գործերին բացահայտ խառնվելու առիթների փնտրտուքը բխում է հենց միջազգային հարաբերությունների օրենքներից և Իլհամ Ալիևի պետական շահի ընկալման շրջանակներում պետական հավակնությունների մեկնաբանությունից։

Կարճ ասած՝ նման միջավայրում, նման աշխարհաքաղաքական «պատուհանների» համատեքստում նորմալ է լինել այնպես, ինչպես Ադրբեջանն է։ Նորմալ չէ լինել այնպես, ինչպես ՆՓ-ի Լենինյան Հայաստանն է։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ